Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Միջանցքային» հայտարարություններ Բաքվից

«Միջանցքային» հայտարարություններ Բաքվից
27.08.2025 | 13:06

Վաշինգտոնյան հանդիպումից հետո հրապարակված հայկական և ադրբեջանական պաշտոնական մեկնաբանություններում կա մի վտանգավոր հակասություն։

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն այսօր հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է Ալիևի պահանջը՝ Նախիջևան տանող անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մասին։ Սա, ըստ Բաքվի, ադրբեջանական «պատմական արդարության» հաղթանակն է։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից հետո վստահեցրել էր, թե ապաշրջափակումը լինելու է երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա։

Հակասությունն ակնհայտ է․

*եթե Հայաստանը համաձայնել է, որ ադրբեջանցիները Սյունիքով անցնեն առանց հայ սահմանապահի կամ մաքսավորի վերահսկողության, ապա սա միջանցքային տրամաբանություն է, ինչը լրջագույն հարված է մեր ինքնիշխանությանը,

*եթե ոչ, ապա Ադրբեջանի հայտարարությունները քաղաքական մանիպուլյացիա են և ճնշման գործիք՝ միջազգային հանրությանը ներկայացնելու իրենց օրակարգը։

Մտահոգիչ է այն, որ Փաշինյանի կառավարությունը մինչ օրս չի հրապարակել Վաշինգտոնում ստորագրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Թրամփ- Փաշինյան հուշագրի տեքստը:

Փաստաթուղթը գաղտնի պահելը, ցավոք, ավելի արժանահավատ են դարձնում Բաքվից հնչող հայտարարությունները։

Այս պայմաններում հասարակությունը լիովին իրավասու է պահանջելու ոչ միայն հստակ բացատրություններ, այլև պաշտոնական փաստաթղթերի հրապարակում։

Հայաստանի ապագան չի կարող որոշվել մեկ մարդու կողմից՝ փակ դռների հետևում․ նման որոշումները պետք է անցնեն հանրային վերահսկողության ու քաղաքական պատասխանատվության դաշտ։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 15623

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ